Երբ 2022 թվականի օգոստոսի 25-ին տարհանվեցին թվով
47 մշակութային հուշարձան՝ այդ թվում խաչքարեր, հուշաքարեր, կիսանդրիներ, հուշաղբյուրներ, դրանց թվում էր նաև Բերձորի սբ. Համբարձման եկեղեցու առանձին էլեմենտները, Ադրբեջանական մեդիա դաշտում սկսեցին ակտիվ քննարկել այս հուշարձանների տարհանումը և, որ ամենակարևորն է, մեղադրանքներ հնչեցրին սբ. Համբարձման եկեղեցին «թալանելու»
վերաբերյալ։ Հենց այս պատճառաբանությամբ, որ Ադրբեջանը կարող է մեղադրանքներ հնչեցնել ՀՀ հասցեին, ԿԳՄՍ նախարարության աշխատակիցը հրաժարվեց որևէ տեղեկություն տալ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Արցախի պատմամշակութային ժառանգության մասին։ Ըստ նրա խոսքի՝ այս պահի դրությամբ շատ մեծ աշխատանք է տարվում կարևոր խնդրին լուծումներ տալու համար, սակայն ամեն բան հրապարակելը, հանրայնացնելը կարող է միմիայն վնաս հասցնել գործի ընթացքին։ Այն հարցին՝ արդյոք չկան թարմ տվյալներ, թե ինչեր են դուրս բերվել օկուպացված տարածքից, նա պատասխանեց, որ նույնիսկ թիվ նշել չի կարող, քանի որ Ադրբեջանը հետևողական է այս հարցում և կարող է մեղադրանքներ հնչեցնել՝ ասելով, որ այս պահի դրությամբ իր վերահսկողության տակ գտնվող տարածքից տարհանումներ են եղել՝ առանց իր համաձայնության, հետևաբար սա ևս կարող է խոչընդոտ հանդիսալ գործընթացի համար։
Հակառակ 1954 թվականին ընդունված Հաագայի Մշակութային Գույքի Պաշտպանության Երկրորդ արձանագրությանը՝ Ադրբեջանը դիտավորյալ կործանում և աղավաղում է հայկական պատմական և մշակութային ժառանգությունը, այդ գործողությունը շարունակում է նաև պատերազմի ավարտից հետո։ Բազմաթիվ հուշարձաններ, խաչքարեր հիմնատակ ավերվել են, և հատկանշական է, որ հաճախ ադրբեջանական կայքերում են տարածվել նկարներ, հոլովակներ, որոնք ցույց են տալիս, թե ինչպես են քանդվել այդ հուշարձանները կամ թե ինչ վիճակում են գտնվում
հիմա։ Այդպիսի օրինակ կար Հադրութի շրջանի Առաքել գյուղում, երբ զինվորական բեռնատարը դիտավորյալ ավերում էր խաչքարը։
Մարտակերտի շրջանի Գետավան գյուղում 2016 թվականին պաշտոնապես եղավ գյուղի ինքնապաշտապանության համար զոհված գետավանցի ազատամարտիկների հիշատակին կանգնեցված հուշարձանի բացումը, որի պատին ամրացված հուշատախտակները ադրբեջանական կողմը ոչնչացրել է։ Սա հայտնի դարձավ ադրբեջանական մեդիայում հրապարակված տեսահոլովակի
միջոցով։
Ադրեբջանական կողմը նաև ոչնչացրել է Ստեփանակերտի Մարտունի փողոցում գտնվող խորհրդային պետական-քաղաքական գործիչ, մտավորական ու գրականագետ
Ալեքսանդր Մյասնիկյանի արձանը։ Ավերել են նաև
ադմիրալ Իվան Իսակովի կիսանդրին,
Արցախի հերոս Աշոտ Ղուլյանի հուշաքարը, Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-լեյտենանտ
Անատոլի Զինևիչի կիսանդրին, Ստեփանակերտում գտնվող
Ստեփան Շահումյանի արձանը, Ստեփանակերտի վերին զբոսայգում գտնվող
Արծվի հուշարձանը։